16 հունիսի 2018 - 11:08 AMT
Ռաֆայել Իսրայելյանի վնասված կոթողը կվերականգնվի

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 25 հասցեում գտնվող անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած կոթողը, որը վթարի հետևանքով կոտրվել էր, կվերականգնվի և կվերանորոգվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱրա Սադոյանը՝ վստահեցնելով, որ Սայաթ-Նովայի պատվին համանուն փողոցում 1962թ. կանգնեցված հուշաքարը կվերգտնի իր նախկին տեղը և կշարունակի զարդարել փողոցը:

«Մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական յուրօրինակ քերթվածքի հետ կատարվածը պատահարի արդյունք է, միջոցառումներ են իրականացվում կոթողը վերականգնելու և վերանորոգելու ուղղությամբ:Առաջին իսկ օրվանից իրականացվել են համապատասխան միջոցառումներ վնասված կոթողի տեղափոխման աշխատանքները ճիշտ ընթացակարգով կազմակերպելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Արա Սադոյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը և պատկան մարմիններին՝ համատեղ իրականացրած աշխատանքների և փոխադրման համար ձեռնարկած միջոցառումների համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում կանգնեցված քանդակագործ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձանը վնասվել է ավտովթարի հետևանքով։Մեքենայի հարվածի հետևանքով տուֆից զարդանախշ հուշարձանն ընկել է և մասնատվել։Հուշարձանը ներառված չէ Երևանի հուշարձանների պետական ցուցակում։