16 հունիսի 2018 - 12:22 AMT
«Այբ» հիմնադրամը ԱԲ ծրագրի ուսումնասիրության որևէ պատասխան ԿԳՆ-ից չի ստացել

«Այբ» կրթական հիմնադրամը «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել: Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հունիսի 15-ին, կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով «Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Նա ասել է, որ պետության կողմից «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավր» ծրագրին հատկացված 666 մլն դրամից մոտ 280 մլն-ը չի ծախսվել:

Ինչպես ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ «Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մենկանբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։ «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն»,-ասվում է հայտարարության մեջ։

«Այբ» կրթական հիմնադրամի հայտարարության մեջ նաև ասվում է. «Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ»:

Ավելի վաղ, Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։