16 հունիսի 2018 - 13:02 AMT
ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները ստուգումներ են իրականացրել 70 գազալցակայանում, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեսուչները ստուգումներ են իրականացրել նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում:

«Գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի ստուգումները չեն իրականացվում, ելնելով այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում: Նման ստուգումներ իրականցվում են հանրապետության բոլոր գազալցակայաններում», - ասաց Մկրտչյանը:

Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացրել՝ մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և արձանագրություններ կազմել։