16 հունիսի 2018 - 15:27 AMT
ԶՈւ թիկունքի պետ. Բանակի տվածը բավարար է զինվորի ծառայությունն ապահովելու համար

Տարվա ընթացքում զինծառայողներին տրամադրվում է 16 զույգ գուլպա ամառային համազգեստի հետ, 8 զույգ՝ ձմեռայինի հետ, ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով՝ զինվորին 24 զույգ գուլպա է տրամադրվում, ինչը բավարար է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԶՈւ թիկունքի պետ գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող իրային միջոցները:

Անդրադառնալով տնից զինվորներին ուղարկվող պարագաներին՝ Յոլչյանն ընդգծել է, որ տվյալ պահին հրամանով արգելվել է դրսից ինչ-որ միջոցների փոխանցումը զինվորներին, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն», - ասել է նա:

Անդրադառնալով վարտիքների մասով եղած խնդիրներին՝ Յոլչյանը նշել է, որ զինվորները չեն ցանկանում լվացած վարտիքներ հագնել և նորն են պահանջում: Նա ընդգծել է, որ այս խնդիրը լուծելու համար բոլոր զորամասերում լվացքի մեքենաներ են տեղադրվելու, իսկ զինվորներին անհատական լվացքի պարկեր են տրամադրվելու, որոնցում նրանք իրենց անձնական իրերը կարող են լվանալ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով զինվորների իրային միջոցներով ապահովվածությանը բանակում, նշել էր. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»: