16 հունիսի 2018 - 16:03 AMT
Փաշինյանն ու Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սբ Վարդանանք եկեղեցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամների հետ այցելել Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել նույն օրն առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:

Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ:

Սա ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի երկրորդ աշխատանքային այցն է Արցախի Հանրապետություն: Մայիսի 9-ին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, նա առաջին աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: