16 հունիսի 2018 - 18:11 AMT
ԱԱԾ աշխատակիցները տարել են Մանվել Գրիգորյանին Էջմիածնի ԵԿՄ շենքից

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին տարել են Էջմիածնի «Երկրապահ» կամավորական միության շենքից, ուր օրվա ընթացքում ԱԱԾ-ն աշխատանքներ էր իրականացնում։

PanARMENIAN.Net աղբյուրների հաղորդմամբ, Գրիգորյանին բերման են ենթարկել։

Սահմանադրության համաձայն, պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Նույն օրն ավելի վաղ խուզարկվել էին Մանվել Գրիգորյանի ու քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) առանջնատները, վերջինս ևս բերման է ենթարկվել։

Ասատրյանը աջակցում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի ցույցերին, որոնց ժամանակ օգտագործվել էր Թավշյա հեղափոխության սիմվոլիկան, փորձ էր արվել ներկայացնել դրանք որպես ընդհանուր գործընթացի շարունակություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»: