18 հունիսի 2018 - 10:44 AMT
Աշոտյան. Եթե ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղավորությունը, ինձ համար անձնական ողբերգություն կլինի

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապվածԱԱԾ բացահայտումներին, ասել է, որ «ցավ ու կսկիծ է ապրել» Ապրիլյան պատերազմի հետ կապված յուրաքանչյուր մեղադրանքով: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի», - գրել է Աշոտյանը:

Նա ասել է, որ չի ուզում՝ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։

«Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան հայ զինվորին»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ, ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը և հայտնաբերել Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար հավաքված օգնություն՝ սնունդ, զինվորի հիգիենիկ պարագաներ:

Ավելի վաղ, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Նրա կողմնակիցները բողոքի երթով շարժվել էին Երևան, փակել Նալբանդյան փողոցը, պահանջել ազատ արձակել վերջինիս: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել էր Գրիգորյանի փաստաբանի բողոքը՝ քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ, և նա մնալու է ձերբակալված:

Այսօր՝ հունիսի 18-ին, հրաժարական է տվել Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։