Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են ՀՀԿ ներկայացուցիչ Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում գործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը», - գրել է նա:
Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։