18 հունիսի 2018 - 11:09 AMT
Շարմազանովը՝ Գրիգորյանի մասին. Սա խայտառակություն է

Զինվորի հացը գողանալն անթույլատրելի և դատապարտելի արարք է, դա խայտառակություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնությունը յուրացնելու ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է», - ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ նրանք ովքեր «բյուջեից մի կոպեկ են գողացել՝ թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Նա ասել է, որ ՀՀԿ-ին քաղաքական պատասխանատու չի համարում կատարվածի համար, ինչպես նաև հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը, սպասել նախաքննության ավարտին:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։ Նա յուրացրել է նաև բանակին նվիրաբերած մեքենաներ: