18 հունիսի 2018 - 12:06 AMT
Փաշինյան. Եթե պարզվի, որ դատավորը գործում է որևէ շահագրգռությունից, «վայը եկել և տարել է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման ընթացքում անդրադարձել է ԱԺ «Հանրապետական» պատագավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նշելով, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ «որևէ կոմպրոմիսի գնալ»: Նա ասել է, որ դատարաններին որևէ հրահանգ չեն տալու, բայց եթե պարզվի, որ կան դատավորներ, որոնք գործում են «որևէ շահագրգռությունից ելնելով, ապա վայը եկել և տարել է նրանց»:

«Եթե պարզվել է, որ դատարանները դեռ շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում ստացել են՝ ուրեմն նրանք մտածելու շատ բան ունեն: Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Գրիգորյանի ձերբալակությունը կապված չէ միայն մեծ քանակության ապօրինի զենք-զինամթերք ունենալու հետ, դա կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները գողանալու և յուրացնելու մեջ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, սակայն «նույնիսկ հերոսներն իրավունք չունեն առաջնագծում ծառայող զինվորին տրված օրգնությունն իրացնելու»:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։