18 հունիսի 2018 - 12:48 AMT
164 դպրոցի տնօրենը՝ զինվորի օգնությունը յուրացնելու մասին. Վստահ էինք, որ տեղ է հասել

Հունիսի 17-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում երևում են Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից առաջնագծի զինվորներին գրված նամակները, որոնք տեղադրված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերի մեջ: Ինչպես պարզվել է, այս արկղերը զինվորներին հասնելու փոխարեն հայտնվել են ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

PanARMENIAN.Net – ի հետ զրույցում Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանն ասաց, որ «բարկացած են, և շատ ցավալի իրողություն է»:

«Մենք վստահ էինք, որ Ապրիլյան պատերազմի օրերին դպրոցի հավաքած օգնությունը հասել է զինվորներին: Օգնությունը տեղափոխելու ողջ գործընթացը նկարահանվել է «Զինուժ» հաղորդաշարով, ներկա է եղել նաև պաշտպանության նախարարության աշխատակիցը», - նշել է Ներսիսյանը:

Նա պատմեց, որ պատերազմի օրերին զինվորների համար նաև դրամահավաք են իրականացրել աշակերտների և ուսուցիչների շրջանում:

«Ով, ինչքանով կարողացել է՝ մասնակցել է: Այս ժամանակ ուսուցիչներն աշակերտներին հանձնարարել են նաև նամակներ գրել զինվորներին», - պատմեց Ներսիսյանը:

Դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված է պաշտպանության նախարարության երախտիքի նամակը տնօրեն Ներսիսյանին՝ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վ. Ավետիսյանի ստորագրությամբ:

Էջում հրապարակված լուսանկարներում երևում է զինվորների օգնությունը տեղափոխելու գործընթացը աշակերտների մասնկացությամբ:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։