18 հունիսի 2018 - 13:23 AMT
Վարչապետը՝ Գրիգորյանի գործի մասին. Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխան տան

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստ է գումարվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի յուրացումների հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին ասել է, որ կառավարությունը գործ ունի Հայաստանի երրորդ Հանրապետության «ամենամեծ կոռուպցիոն բացահայտման» հետ, և դրա բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին և այն աշխատակիցներին, որոնք մշակել են գործողությունը:

«Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, ինչպես ես, անյպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խնդիր, որ այս գործի մասնակիցները բացահայտվեն՝ անկախ իրենց կոչումներից, պաշտոններից և այլ հարակից հանգամանքներից: Հիմա արդեն փաստացի կարող ենք արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվում է, հիմնավորվում են: Այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանտցության կանչվեն», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն ասել է նաև, որ առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրավապահ մարմինների դերակատարությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ խորհրդակցություն կհրավիրվի:

«Իրավապահ համակարգը լրջորեն պետք է մեծացնի իր արդյունավետությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս թեմային մենք կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում, և դա այդ ձևաչափով կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո մենք բոլորս պիտի ակնկալենք կոնկրետ արդյուքններ», - ասել է նա:

Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։