18 հունիսի 2018 - 13:40 AMT
Հունիսի 19-ին ԱԺ-ն Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով արտահերթ կգումարի

Կառավարությունը հունիսի 18-ի նիստում որոշել է ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:

Դատախազությունը հայտնել էր, որ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր»:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։