Իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Խուզարկության ընթացքում գտնվել է $1,1 մլն, €230.000, 36 մլն դրամ (ընդհանուր $1,45 մլն): Քննությամբ կպարզվի դրանց ծագումը», - մանրամասնել է Տռուզյանը:
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Վաչագան Ղազարյանի ընտանիքին:
Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան $1 մլն։