2 հուլիսի 2018 - 16:21 AMT
Ամերիկահայ աստղագետ Թերզյանը ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևը կստանա

Հայտնի գիտնական, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը կարժանանա ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության հարցերով ազգային վարչության (NASA) բարձրագույն պարգևին, հաղորդում է carlsaganinstitute.org-ը։

Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հասարակական գործունեությանը և գիտական հետազոտություններին։ Նա օգտագործել է իր խանդավառությունը տիեզերական հետազոտությունների և կրթության ոլորտում, որպեսզի իր փորձը փոխանցի ուսանողներին և լայն հասարակայնությանը»,-նշված է NASA-ի հաղորդագրությունում։

Կազմակերպության կարծիքով` Թերզյանի ձեռքբերումները վկայում են, որ նա արժանի է բարձրագույն պարգևի։ «Դոկտոր Թերզյանն իր կարիերայի ընթացքում անխոնջ դեսպան է եղել գիտական ոլորտում, նա ազդեցություն է ունեցել մագիստրանտների, ասպիրանտների, գործընկերների և լայն հասարակության վրա։ Դա արժանի պարգև է», -շում է աստղագիտության պրոֆեսոր Թերի Հերտերը։

Թերզյանը ծնվել է 1939թ-ին Եգիպտոսում։ Աստղագետի հայրը հայ է, մայրը` հույն։ Ավարտելով հայկական դպրոցը, այնուհետև Կահիրեի Ամերիկյան համալսարանը` 1960թ-ին նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ուսումը։

Թերզյանն աշխատել է NASA-ի ութ հանձնաժողովներում, ԱՄՆ-ի քոլեջներում դասավանդել աստղագիտություն։ Նա հայտնի է միջգալակտիկական տարածությունների և դրանցում անտեսանելի նյութ հայտնաբերելու հետազոտություններով։ Անցած տարի Թերզյանն արժանացել է NASA-ի շքանշանի «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար» և Հայաստանի բարձրագույն ոսկե մեդալի` գիտական ձեռքբերումների համար։