10 հուլիսի 2018 - 16:37 AMT
Ադրբեջանական ԶԼՄ. Փարիզը հանել է Բաքվին զենք վաճառելու արգելքը

Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, հայտնում է AzeriDefence կայքը:

«Պաշտոնական Փարիզը հանել է ֆրանսիական ընկերություններից Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Այդ երկրի ռազմարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»,-հայտնել է AzeriDefence-ը ռազմական աղբյուրների վրա հղումով:

Նշվում է նաև, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի ռազմարդյունաբերությունը լայնորեն ներկայացված կլինի ADEX-2018 ադրբեջանական 3-րդ միջազգային ռազմադրյունաբերական ցուցահանդեսում, որն անցկացվելու է սեպտեմբերի 25-27-ին:

«Մասնավորապես, ցուցահանդեսին կմասնակցեն այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են MBDA Systems, CİFAL Group, Naval Group, Airbus Defense, Etienne Lacroix, Nexter Systems, Proengin, Thales և այլ ընկերություններ»,-ասվում է հրապարակման մեջ:

1990-ականների սկզբին ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու էմբարգո են սահմանել ղարաբաղյա հակամարտության հետ կապված: