12 հուլիսի 2018 - 17:02 AMT
Time-ը՝ Փաշինյանի մասին. Խաչակիրը, որ վառ է պահում դեմոկրատիայի երազը

Ամերիկյան Time ամսագիրն իր «Չորս խաչակիրը, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության հաղթանակի. ըստ ամսագրի, այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը:

Ամսագիրը գրում է, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, ով ապրիլին ժողովրդական շարժման միջոցով ստիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կարճ ժամանակ անց դարձավ երկրի վարչապետ, ասել է, որ «ժողովրդի սերը ստիպեց իրեն վերկենալ իր՝ որպես խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ աշխատասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառում, փողոցներում, վրանում և ընդդեմ Սարգսյանի բողոքի ակցիաներում»:

«Ես չեմ ունեցել անձնական դրդապատճառ. այն ամենը, ինչ ուզում էի, իմ հայրենիքի ու ժողովրդի ազատությունն ու երջանկությունն էին», - ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ եթե փողոցների՝ հարյուր հազարավոր մարդկանցով լցված լինելու պարագայում էլ իշխանափոխություն չլիներ, ապա ինքն այլևս քաղաքական գործունեությամբ չէր զբաղվի:

Փաշինյանն ասել է, որ գործող իշխանության համար ժողովրդավարությունն ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշում, «այն արժեք է և համոզմունք»:

«Ես հավատում եմ՝ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն դեմոկրատական երկներից մեկը», - ամերիկյան ամսագրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը: