16 հուլիսի 2018 - 12:50 AMT
Ադրբեջան այցելած հայազգի բլոգերն «անվտանգ կետ է հասել»

Հայկական ծագումով Բելառուսի քաղաքացի, բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին, որն առավելապես հայտնի է որպես Վլադ Մագա, հաջողվել է խուսափել իր հասցեին հնչող սպառնալիքներից և մի անվտանգ տեղ հասնել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր տեսաուղերձում:

«Բարեկամներ, դեռ երեկ երեկոյան ես անվտանգ կետ եմ հասել: Այժմ կարողացա YouTube դուրս գալ և ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումները մնացին սահմանից այն կողմ: Ադրբեջանը լռում է և դա լավ է: Սպասեք նորությունների: Արդեն պատրաստում եմ թողարկումը, շնորհակալ եմ յուրաքանչյուրին!»,-ասել է նա:

Ավելի վաղ բլոգերը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Ես արդեն լքել եմ Ադրբեջանը, ուր եմ ուղևորվում, չեմ կարող ասել անվտանգության նկատառումներից ելնելով: Խնդրում եմ բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Իմ կյանքին վտանգ է սպառնում: Իմ յուրաքանչյուր քայլին հետևում եմ», -ասել էր բլոգերն իր տեսաուղերձում:

Մինչդեռ ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն կապի է մեջ է վիդեոբլոգերի հետ: «Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել էր Տիգրան Բալայանը:

Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները:

Նա կարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին: