19 հուլիսի 2018 - 12:45 AMT
Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք են ընդունել

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը բուռն արձագանքի և բողոքների է արժանացել արաբ փոքրամասնության շրջանում, որոնք օրենքում խտրականության ու ռասիզմի տարրեր են տեսնում:

Ըստ փաստաթղթի Իսրայելը հռչակվում է հրեա ժողովրդի ազգային տունը, իսկ հրեաները միակ ժողովուրդը, որն այդ պետության սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սա որոշիչ պահ է սիոնիզմի և Իսրայելի պետության պատմության համար...Մենք ամրագրում ենք մեր գոյության հիմնարար սկզբունքը: Իսրայելը՝ հրեա ժողովրդի ազգային պետությունն է, որը հարգում է իր մյուս բոլոր քաղաքացիների անհատական իրավունքները: Ամբողջ Մերձավոր Արևելքում միայն Իսրայելն է հարգում այդ իրավունքները»,-ասել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Օրենքին կողմ է քվեարկել 120 պատգամավորից 62-ը, 55-ը դեմ է եղել, 2-ը՝ ձեռնպահ:

Արաբները կազմում են Իսրայելի 8 միլիոնանոց բնակչության 5-րդ մասը: Նրանք հավասար իրավունքներ ունեն հրեա մեծամասնության հետ, այդ թվում, ընտրական, սակայն հաճախ բողոքում են, որ կա փաստացի խտրականություն: