Իսպանիայի Գերագույն դատարանի անդամ Պաբլո Լյարենան որոշել է չեղարկել նախկինում Գերմանիայի միջոցով Եվրոպոլ ուղարկված Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնի ձերբակալման և արտահանձնման հարցապնդումը:
Կատալոնիայի նախկին վարչապետին մեղադրում են խռովության, պետական միջոցների յուրացման և այլ իրավախախտումների մեջ, որոնց համար նրանց մինչև 50 տարվա ազատազրկում է սպառնում:
Միևնույն ժամանակ Լյարենան ուժի մեջ է թողել ներիսպանական ձերբակալման թույլտվությունը, որի համաձայն Պուչդեմոնը պետք է ձերբակալվի, հենց որ հատի Իսպանիայի սահմանը:
Լյարենայի որոշումը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 12-ին գերմանական դատարանը հնարավոր համարեց Պուչդեմոնի արտահանձնումը միայն պետական միջոցների հափշտակման գործով: Միևնույն ժամանակ, դատարանը որոշեց, որ Գերմանիան չի կարող արտահանձնել քաղաքական գործչին խռովության մեղադրանքով, քանի որ Գերմանիայի քրեական օրենսգրքում նման հանցակազմ չկա: Կատալոնացին բերման էր ենթարկվել Գերմանիայում մարտի 25-ին, գրում է Deutsche Welle-ն:
Մեկնաբանելով դատավոր Լյարենայի որոշումը՝ մադրիդցի փաստաբան Ռոմերո Դիասը նշել էր, որ նա այլ ելք չուներ: «Դատել խռվության գլխավոր կազմակերպչին յուրացման համար նույնն է, ինչ մարդասպանին դատել միայն այն բանի համար, որ նա ժամանակին կարմիր լույսի տակ է անցել փողոցը»,-ասել է փաստաբանը:
Իսպանիայի կառավարությունը 2017-ի նոյեմբերին պաշտոնանկ արեց Կատալոնիայի վարչակազմին և զրկեց լիազորություններից տարածաշրջանային խորհրդարանին: Պատճառը տեղի քաղաքական գործիչների կողմից անկախության հանրաքվեի կազմակերպումն էր և ինքնիշխան կատալոնական հանրապետության հռչակումը: Իսպանիայի ՍԴ-ն այդ գործողությունները համարեց ապօրինի: