20 հուլիսի 2018 - 14:19 AMT
Վարչապետ. Բացառվում է ԼՂ հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար

Բացառվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանըլրագրողների հետ զրույցում:

«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, նույնիսկ շատ ուզենա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա այդպես է առավել ևս նոր իշխանության պարագայում:

«Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը ևս հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, ազգովի կքննարկենք, թե մեզ համար փոխզիջման սահմանը որն է», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասել է, հիմնական հարցը եղել է ԼՂ հարցը, ներքաղաքական հարցեր չեն քննարկվել:

Նա հավելել է, որ առաջին նախագահը փորձել է տեղեկություններ հաղորդել ԼՂ հարցի վերաբերյալ: «Բայց իր հայտնած տեղեկությունների թվում չի եղել տեղեկություն, որն ինձ հայտնի չէր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են: «Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր», - ասվում էր հաղորդագրության մեջ: