20 հուլիսի 2018 - 16:37 AMT
Նախարարությունում թաքցրել են «Լիդիան Արմենիայի» կողմից բնությունն աղտոտելու փաստը. Քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է (ՊՈԱԿ) ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը վճռական փուլ է մտել: Հանքի շահագործման շուրջ կրքերը գնալով թեժանում են բնապահպանների, տարածաշրջանի մի շարք համայնքների բնակիչների, ընկերության և դրա աշխատակիցների միջև. հանքավայր տանող ճանապարհներն արդեն մոտ երկու շաբաթ է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից:

Ընթերցեք նաև՝ «Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները»: