ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կեղծ օղի արտադրելու համար 10 մլն դրամով տուգանել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊ ընկերությանը, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:
NEMIROFF-ը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից:
Պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ NEMIROFF ապրանքային նշանով՝ Український мед անվանումով օղիներ:
«Ա և Գ» ընկերությունը 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղու գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: