20 հուլիսի 2018 - 18:19 AMT
Աշոտյան. Փաշինյանն Ալիևին ազատում է պատերազմի վերսկսման պատասխանատվությունից

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցի շուրջ հնչեցրած գնահատականներին, ասել է, որ Փաշինյանը «մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից ազատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», - գրել է նա:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թեՌուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:

«Համոզված եմ, ու, կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,-ասել է նա: