21 հուլիսի 2018 - 10:52 AMT
Տոնոյանը ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի հետ քննարկել է Փանիկի միջադեպը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում,կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել: Այս մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից: Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում միջադեպի համար: