21 հուլիսի 2018 - 14:20 AMT
Երևանի համար 46 դպրոցի նախկին տնօրենը 7,6 մլն դրամ է յուրացրել. Վնասը մասամբ հատուցել է

Երևան քաղաքի համար 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ն 7,6 մլն դրամ է յուրացրել. վնասը մասամբ հատուցվել է, հայտնում էՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Փաստական տվյալներ ենստացվել այն մասին, որ նախկին տնօրենը2010թ. հունվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ՝ ֆիզպատրաստականության ուսուցիչ, գիշերային պահակ, հնոցապան, ձևակերպել է իր 3 որդիներին: Եվ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում ֆիքսելով, թե իբր նրանք հաճախել են դպրոց և կատարել աշխատանքային պարտականությունները՝ ավելի քան 7 տարի որպես ամենամսյա աշխատավարձ նրանց անունով փոխանցված խոշոր չափերի՝ ընդհանուրն ավելի քան 7,6 մլն դրամ գումարը կանխիկացրել ու յուրացրել է:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հուլիսի 21-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա կողմից հատուցվել է պետության պատճառված վնասից 4,2 մլն դրամը՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու նաև մնացած մասը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: