27 հուլիսի 2018 - 19:45 AMT
Քոչարյանը լքել է դատարանը. Կալանավորման հարցով վճիռը կհրապարակվի ավելի ուշ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքից, որտեղ հուլիսի 27-ին վերսկսել էր նրան կալանավորելու միջնորդության քննությունը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճիռը կհրապարակվի հուլիսի 27-ին՝ ժամը 23։30:

Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Հուլիսի 26-ին Քոչարյանը հարցաքննվել էր գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։ Գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ-ից դուրս։