1 օգոստոսի 2018 - 14:49 AMT
ԱԺ 38 պատգամավոր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել

Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այդ մասին տեղեկացրել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է Aysor.am-ը:

«38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», - նշել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման նախաձեռնություն պատրաստվում է ցուցաբերել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, որ սկսել են ստորագրահավաքի գործընթաց, «ինչը բխում է թե կուսակցության, թե խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ընթերցեք նաև.Բագրատյան. Քոչարյանի խափանման միջոցն ավելի մեղմ կարող էր լինել