Հայաստանը, հնարավոր է՝ դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։
Պատասխանելով նոր վարկի համար դիմելու հնարավորության մասին հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Հնարավոր է»:
Այն հարցին, թե այդ ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, նախարարն արձագանքել է. «Ոչ», հայտնում է Aysor.am-ը։
Դավիթ Տոնոյանն ասել է նաև, թե 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է։«Վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն», - ասել է նա։
Նախարարը հավելել է նաև, որ վարկային միջոցներից բացի, Հայաստանը զենքի այլ գնումներ ևս կատարում է։ «Իհարկե, գնումներ կատարվում են աշխարհի բոլոր ծայրամասերից», - ասել է Դավիթ Տոնոյանը։
Նախարարն ասել է, որ Հայաստանը սպառազինության գնումների հետ կապված բանակցություններ վարում է ՀԱՊԿ անդամ երկրներից բացի այլ երկրների հետ ևս, սակայն, երկրներ չի թվարկել։
Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:
2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: