«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, չի կարող ֆինանսավորել Հայաստանին` անսպասելի պատճառով: Այդ մասին ասվում է «Ամերիկայի ձայնի» ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
Հայաստանը հավակնում էր 140 մլն դոլար ստանալ կորպորացիայի ծրագրի շրջանակում:
Կորպորացիան ֆինանսական զգալի աջակցություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող, սակայն, ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրներին:
Հայաստանին չաջակցելու պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի՝ 2018թ. հուլիսի 1-ի զեկույցի համաձայն, Հայաստանը դարձել է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր:
Կորպորացիայից հայտնել են, որ «Հազարամյակի մարտահրավերը» կարող է աջակցել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի միայն ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրներին:
ՀՀ նոր իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը շահագրգռված է վերսկսել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ համագործակցությունը:
Մայիսի 9-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացնելով «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում Հայաստանին 140 մլն դոլոր հատկացնելու գործընթացը: