15 օգոստոսի 2018 - 11:56 AMT
Վարչապետն ու նախագահը ցավակցել են իտալացի իրենց գործընկերներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - մասնավորապես, ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում:

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:

«Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ, Իտալիայի Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մի տասնյակ զոհերի մասին է հաղորդվել: