15 օգոստոսի 2018 - 18:28 AMT
Նպաստի տրամադրման նոր կարգով վարկային պատմության և ավանդների մասին տեղեկանք կպահանջվի

Նպաստի տրամադրման նոր կարգով վարկային պատմության և ավանդների մասին տեղեկանք կպահանջվի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նոր կարգին, ասել է, որ երկրում նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը:

Նախարարը նշել է, որ նպաստառուների թվի 12-15%-ը ոչ հասցեական նպաստառուներ են:

«Ես ուզում եմ, որ մենք լինենք համախոհներ առ այն, որ մեր երկրում նպաստ պետք է ստանա իրական նպաստառուն, նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Երբ տրվում է վարկային պատմության կամ ավանդի մասին տեղեկատվություն, պատկերացրեք, որ այդ տեղեկանքից մենք իմանում ենք, որ այդ քաղաքացին ունի, ենթադրենք, 16 մլն դրամ գումար, և նա ամեն ամիս վճարում է որոշակի գումար` օրինակ` 100,000 դրամ, և ստանում է 18,000 սոցիալական նպաստ: Ի՞նչ եք կարծում՝ պետության համար հարց չպետք է առաջանա՝ ինչպե՞ս է այդ 100,000 դրամը վճարում քաղաքացին»,- նշել է Թանդիլյանը:

Նախարարն ասել է, որ ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր ունեն թաքնված եկամուտներ և հաճախ նախարարություն են դիմում են տարբեր գործատուներ, ովքեր հայտնում են, որ իրենց աշխատակիցները չեն ուզում գրանցվել՝ պետությունից նպաստ ստանալու համար:

Թանդիլյանը հավելել է նաև, որ այդ տեղեկանքները տրվում են անվճար:

«ՀայՓոստի» հետ քննարկվում է այս ծառայության դիմաց գումար չգանձելու հնարավորությունը։ Հետագայի համար քննարկվում է տեղեկատվությունն ավտոմատ կերպով ստանալու հնարավորությունը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- եզրափակել է նախարարը։