16 օգոստոսի 2018 - 10:22 AMT
ԿԳ նախարարի հորդորը ծնողներին՝ չգնել Հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել ծնողներին չգնել Թավշյա հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են Հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ Հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար», - գրել է նախարարը:

Ավելի վաղ, PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հարությունյանն ասել էր, որ դպրոցների ապաքաղաքականացումը կրթության ոլորտի հրատապ լուծելի խնդիրներից է:

«Մեր խորին համոզմամբ, դպրոցների քաղաքականացված լինելը ամենաբացասական ազդեցությունն է ունեցել կրթության որակի վրա: Ակնհայտ է, որ դպրոցը ՀՀ-ում ամենամեծ վարչական ռեսուրսներից մեկն է. դպրոցի վերահսկողությունը և ղեկավար մարմիններում սեփական կուսակիցներին նշանակելը ենթադրում է ազդեցությունների հնարավորություն՝ այդ թվում աշկերտների և ծնողների վրա», - նշել էր նա: