16 օգոստոսի 2018 - 11:02 AMT
Արցախի ԱԳՆ. Չեզոք գոտում գտնված ադրբեջանցու դին հանձնվել է Ադրբեջանին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի, հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հուլիսի 15-ի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձ է կանխվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում: