16 օգոստոսի 2018 - 11:56 AMT
Զեյնալյան. Ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները կրկնապատկվել են

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հայտնել է, որ ընտանիքի հետ կապի ամրապնդման նկատառումներով կրկնապատկվել են ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները, իսկ համապատասխան պայմանների ապահովման դեպքում կվերանայվի նաև երկարատև տեսակցությունների քանակը, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Անդրադարձ է կատարվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությանը: Նշվել է, որ այն դրական արդյունք է գրանցել և առաջիկայում նախարարության հետ գործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը:

Նախարար Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կոմից ներկայացվում է որպես զինվորական: