16 օգոստոսի 2018 - 14:30 AMT
Փաստաբան. Քոչարյանին կալանավորելու դեպքում կդիմենք ՄԻԵԴ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Չեմ կարող կանխատեսել՝ Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Քոչարյանին, ապա մենք, իհարկե, Եվրոպական դատարան կդիմենք», - ասել է Ալումյանը:

Անդրադառնալով 0038 հույժ գաղտնի հրամանին, Ալումյանն ասել է, որ այն չի վերաբերում զորքի կիրառմանը, և որ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել զինված ուժերին, որ «հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին»:

Փաստաբանը հավելել է նաև, որ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի:

Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու որոշումը: Այն առաջիկայում պետք է քննվի նաև ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած օրերին սահմանադրական կարգը տապալելու՝ զինված ուժերը քաղաքկան գործընթացում ներգրավելու մեջ: