16 օգոստոսի 2018 - 15:50 AMT
Օգոստոսի 17-ի հանրահավաքին դրոններով նկարահանումը կարգելվի

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից. նման փորձերը կասեցվելու են, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի –Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում եւ Շահումյանի հրապարակի տարածքում ու Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Խորենացի փողոց։

Միաժամանակ, ժամը 15:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։

Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից։

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, Վենեսուելայի մայրաքաղաքում՝ Բոլիվարի պողոտայում կայացած շքերթի ժամանակ, նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ իրականացված մահափորձի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Դրանց հարվածի արդյունքում վիրավորվել էր անվտանգության 7 աշխատակից։