17 օգոստոսի 2018 - 13:40 AMT
Մոտ $6 մլն-ի չարաշահում՝ սոցապ և մեքենաների տեխզննման ոլորտներում. Վերականգնվել է $34,100-ը

Սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերով հայտնաբերվել է մոտ 2,8 մլրդ դրամի կամ $5,8 մլն-ի չարաշահում, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 164,5 մլն դրամը կամ $34,100, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ:

Դրանց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 627,3 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 27,5 մլն դրամը:

Նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 2,1 մլրդ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 137,3 մլն դրամը: