17 օգոստոսի 2018 - 20:41 AMT
Վարչապետ․ Բիզնեսը պիտի վճարի նախկինում չվճարած հարկերը

Գործարարները ՀՀ-ում ազատված են կոռուպցիոն «նալոգներից», իսկ եթե նրանք նախկինում հարկեր չեն վճարել, դա արձանագրվելու է, սակայն նրանք կկարողանան խուսափել քրեական հետապնդումից։ Այս մասին է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Մենք արաձանագրելու ենք ու պարտավորեցնելու ենք վճարել այդ հարկերը, բայց նույնիսկ եթե դրա հետևանքով քրգործեր են հարուցվում, այդ գործերը հենց այսօր օրենքի ուժով կարճվում են այն ժամանակ, երբ հարկերը վճարվում են», - ասել է նա,

«Բիզնեսմեններն, ովքեր մարդ չեն սպանել, ովքեր պարզապես գործել են հին կանոններով, հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ և զարգացնել ՀՀ-ն, նոր ներդրումներ անել, և նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան գործել իրենց հետ հավասար պայմաններում», - շեշտել է նա։

«Եթե կլինեն դեպքեր, երբ հարկեր վճարելը շատ ծանր կլինի բիզնեսի համար, կգտնենք տարաժամկետման հնարավորություններ։ Ես ուզում եմ ասել, որ մեր իշխանության ընթացքում ոչ մի բիզնես Հայաստանում չի փակվելու, չի խլվելու»,- շեշտել է Փաշինյանը։