28 օգոստոսի 2018 - 12:30 AMT
ԱԳՆ. Մերկելի այցի ընթացքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Aysor.am-ը:

«Դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա պատության մեջ սա նման մակարդակով առաջին այցելությունն էր: Այցի ընթացքում տարբեր մակարդակներում կայացած հայ-գերմանական բանակցությունների ժամանակ մշտապես ընդգծվել է հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու երկկողմ հանձնառությունը: Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. դրանք վերաբերում են և ներդրումներին և համատեղ ծրագրերին», - ասել է Աննա Նաղդալյանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում հայտարարել էր. «Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ»։