28 օգոստոսի 2018 - 14:31 AMT
Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է գործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Քոչարյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

Նա նշել է նաև, որ դա իր անձնական կարծիքն է, ինչն, ըստ նրա, իրականությանը շատ մոտ է, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ունի և բարոյական, և քաղաքական, և իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ: «Կարծում եմ՝ այո, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»,-ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն կկոնսոլիդացվի ՀՀ 2-րդ նախագահի շուրջ՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների, օրակարգի շուրջ: «Ով այդ պայքարում, այդ օրակարգում կօժանդակի ՀՀԿ-ին, կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը վերդարձել է քաղաքականություն: Հարցին, թե վերադառնում է արդյոք նա քաղաքականություն, թե՝ ոչ, Քոչարյանը պատասխանել է՝ «համարեք, որ վերադարձել եմ»:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու համար: