30 օգոստոսի 2018 - 15:44 AMT
Անօդաչուների իսրայելցի արտադրողը մեղադրվում է Բաքվի հորդորով հայերին ռմբակոծելու մեջ

Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար:

Իսրայելի արդարադատության նախարարությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանին, նրա տեղակալ Մեյրա Ռիզմովիչին, զարգացման գծով տնօրեն Հաիմ Հիվաշարին և այլ աշխատակիցների, գրում է The Times of Israel-ը:

Չնայած ընկերությունը հրաժարվում է նշել թե ով է «մեծ պատվիրատուն», պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել է Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ընկերության պաշտոնյաները 20 մլն դոլարի պայմանագիր էին կնքել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք խնդրել էին ընկերությանը ցուցադրել Orbiter 1K դրոնի կարողությունները՝ օգտագործելով հայ զինվորների դեմ:

Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:

Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել:

Քննությունը ընկերության դեմ սկսվել է 2017-ի սեպտեմբերին:

2017-ի օգոստոսին իսրայելյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ընկերության աշխատակիցներն ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերին հասցված հարվածին: Նշվում էր, թե գրոհի տեսանյութը մտադիր էր ցուցադրել ադրբեջանական հեռուստատեսությունը, սակայն, քանի որ օպերատորները հրաժարվել են դրանից, դա արել են ընկերության մենեջերները, որոնք բավարար փորձ չունեին: ԼՂՀ զինծառայողներից ոչ ոք չէր զոհվել: