Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Ադրբեջանի «Ղարաբաղ» անվանումով ակումբի հետ հանդիպմանը, քանի որ ՀՀ քաղաքացի է:
«Մեր բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը միշտ մեր առաջնայնություններից գլխավորն է եղել: Մենք կքննարկենք իրավիճակն ու կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է «Արսենալի» մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով «Ղարաբաղի» հետ հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության հարցին:
ՈւԵՖԱ-ն խոստացել է օգնել Մխիթարյանին, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ կստացվի:
«Դա ստանդարտ կարգ է, երբ ՈւԵՖԱ-ն պաշտոնական նամակներ է հղում ազգային ասոցիացիաներին, ակումբերին ու երկրների դեսպանատներին՝ նպատակ ունենալով աջակցել ֆուտբոլիստներին ՈւԵՖԱ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու համար վիզա ստանալու հարցում»,-հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Իր հերթին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողան մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին:
«Շատ կցանկանայի հավատալ, որ Հենրիխը կկարողանա մեզ հետ մեկնել Բաքու: Եթե խնդիրն ունի լուծում, գերազանց կլիներ այն կիրառել: Հենրիխի հետ այդ հարցի շուրջ ես դեռ չեմ խոսել»,-ասել է նա:
2015/16թթ. խաղաշրջանում, երբ Մխիթարյանը հանդես էլ գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, նա չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին: Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ կտան մուտքի արտոնագիր Մխիթարյանին, սակայն ի վերջո Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով:
«Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում կհանդիպի «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ: «Վորսկլայում» նույնպես հայ ֆուտբոլիստ կա՝ կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը: Եվրոպայի լիգայի եզրափակիչն ընթացիկ խաղաշրջանում անցնելու է Բաքվում: