8 սեպտեմբերի 2018 - 12:55 AMT
ԱՄՆ-ն հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից

ԱՄՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից: Ինչպես հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ վերոնշյալ երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ:

«Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ դիվանագետները քննարկելու են, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսությանը Կենտրոնական Ամերիկայում և Կարիբներում»,-ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

ԱՄՆ-ն ունի հարաբերություններ Թայվանի հետ, թեև պաշտոնապես չի ճանաչում:

Չինաստանը բազմիցս է նշել, որ անթույլատրելի է համարում ԱՄՆ և Թայվանի շփումները, որոնք հակասում են միասնական Չինաստանի գաղափարին, որը համարվում է ԱՄՆ և ՉԺՀ հարաբերությունների հիմքը: Չինաստանը Թայվանն իր տարածքն է համարում: