8 սեպտեմբերի 2018 - 13:47 AMT
Մակեդոնիայի դեսպանատունը վիզա չի տվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին

Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամներին: Այդ մասին հայտնել է ՖԱՖ անդամ Սերգեյ Ջանջոյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նրանք պետք է մեկնեին Սկոպյե՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանը:

«Մոսկվայում գտնվող Մակեդոնիայի դեսպանությունը տևական ժամանակ ձգձելով մեր գործերը ընդունելու պրոցեսը, այնուհետև ժամանակ առ ժամանակ ոչ տրամաբանական պահանջներ ներկայացնելով՝ սեպտեմբերի 7-ին ամբողջ խմբին զրկեց Մակեդոնիայի մուտքի վիզայից, չնայած, որ բոլոր պահանջները իրականացրել էինք։Մակեդոնիա-Հայաստան խաղին ցավոք չենք լինի։ Պատասխանատու խաղից առաջ այսօր ճանապարհեցինք տղերքին։ Պահանջը՝ անմնացորդ նվիրում, հաղթական վերադարձ», - ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:

Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, հայտնում էՀՖՖ մամուլի ծառայությունը: