10 սեպտեմբերի 2018 - 15:05 AMT
Բաքուն ծանր է տարել Արցախի մասին Փաշինյանի` Մոսկվայում արած հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն ծանր է տարել Արցախի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում արած հայտարարությունը՝ Արցախի ապագան Հայաստանի կազմում պատկերացնելու մասին:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է․«Ինչ վերաբերում է Արցախի խնդրի վերաբերյալ ապագա մեր պատկերացումներին, ապա, ինչպես նախկինում էլ եմ ասել, Արցախը պատկերացնում ենք Հայաստանի մի մասը։ Այդ ճանապարհը կարող է բաղկացած լինել 2 կամ 3 քայլից, բայց ապագայի տեսլականը դա է»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Փաշինյանի հայտարարությունն «անհարգալից է միջազգային նորմերի և սկզբունքների» հանդեպ, հարված է հասցնում բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ Հաջիևի, Հայաստանի ղեկավարությունը «միտումնավոր կամ անգիտակցաբար հանդես է գալիս նման հայտարարություններով, որոնք միտված են սրելու իրավիճակը», ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Նյու Յորքում միջնորդների մասնակցությամբ նախարարական հանդիպման շեմին: «Այդ հայտարարությունը նաև համընկել է Ադրբեջան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի սպասվելիք այցի հետ»,-ասել է նա:

«Նման հայտարարությունները իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը դնում են Հայաստանի և նրա ղեկավարության վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարել է, որ կարևոր է գնահատել՝ արդյոք նոր կառավարության համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելը գործընթացի ամենավերջին փուլում արձանագրված արդյունքների հիման վրա, թե պետք է վերսկսել մի նոր կետից, կամ սրբագրումներ կատարել։Նա նշել է, որ կառավարությունը ներկայումս ծանոթանում է բանակցային գործընթացի՝ նախորդներից ժառանգված իրավիճակին։