12 սեպտեմբերի 2018 - 14:47 AMT
ՌԴ-ն Հայաստանին է արտահանձնել հոլիվուդյան պրոդյուսերին

ՌԴ-ն Հայաստանին է արտահանձնել հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին՝ նա մեղադրվում է խարդախության մեջ: Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի, 1959 թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանը: Նա 2017թ. հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Հայաստանում նա դատապարտված էր կալանավորման:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական էր ճանաչել ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ քննության, 97 մլն դոլարով վաճառելով ամերիկյան 20 ֆիլմի իրավունքները, նա իրական գնից ավելի քան 2 անգամ թանկ է վաճառել դրանք: Ինքը կինոպրոդյուսերը հայտարարում է, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով

Մարտիրոսյանը թեև ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Նրան ձերբակալել էին 2017-ի հոկտեմբերի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, երբ նա գործով Մոսկվա էր եկել: Պարզվեց, որ նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից: Քրգործը նրա դեմ հարուցվել էր ՀՀ-ում «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության հայցով: Ինչպես պնդում է Մարտիրոսյանը, այդ օֆշորային ընկերության սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը:

Ըստ քննության, հենց այդ ընկերության հետ էր 2011-13թթ. Մարտիրոսյանը պայմանագիր կնքել 20 ֆիլմի կինովարձույթի վերաբերյալ ամերիկյան «Էնվիժն Ինթերթեյմենթ» ընկերության անունից, որը գլխավորում էր ինքը: Քրգործում խոսքը հետևյալ ֆիլմերի մասին է ՝ «Պարեկախումբը» (2012թ. ԱՄՆ), «Ես՝ Ալեքս Քրոսսը» (2012թ. ԱՄՆ), «Արատների քաղաքը» (2013թ., ԱՄՆ), որոնց նկարահանումների պրոդյուսերն անձամբ Մարտիրոսյանն է եղել: Ըստ մեղադրանքի, «Հայբիզնեսբանկից» «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության միջոցով փոխանցված 97,2 մլն դոլարից Մարտիրոսյանը միայն 47,2 մլն դոլարն է ծախսել ֆիլմերի գնման համար, իսկ երկրորդ կեսը՝ 50 մլն դոլարը յուրացրել է:

2017-ի դեկտեմբերին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է ՀՀ հարցումը Մարտիրոսյանի արտահանձնման վերաբերյալ: Փաստաբանները բողոքարկել էին որոշումը, սակայն 2018-ի հունվարի 30-ին դատարանն այն օրինական ճանաչեց: Հետո պաշտպանությունը հասավ նրան, որ որոշումը չեղարկվեց ՌԴ Գերագույն դատարանում, սակայն բարձրագույն ատյանը բողոքարկեց այն և մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն արտահանձնման որշում կայացրեց: