11 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT
Զոհրաբյանը՝ հեծանիվով, Փոստանջյանը՝ ոտքով, Մարությանը՝ երթուղայինով. Երևանի ավագանու թեկնածուների քարոզարշավը

Սեպտեմբերի 10-ին պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի ներկայացուցիչները եղել են քաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպել ընտրողներին: Ընտրապայքարի դուրս եկած ուժերը հրապարակել են նաև իրենց նախընտրական հոլովակները:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը և ավագանում թեկնածու Վահե Էնֆիաջյանը նախընտրական հոլովակում հեծանիվ են վարում:

Ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն էլ իր մասին պատմող հոլովակում զբոսնում է մայրաքաղաքի փողոցներում՝ վերհիշելով իր քաղաքական գործունեության առանձին դրվագներ:

Ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոլովակում ներկայացնում է իր կենսագրությունը և կյանքի շրջադարձային դրվագները, որոնք տեղի են ունեցել Երևանում:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: