11 սեպտեմբերի 2018 - 12:27 AMT
ԱՄՆ հետազոտողներ. Հայկական լոբբին ամենաազդեցիկներից է Վաշինգտոնում

Ամերիկյան Suny Press հրատարակչությունը լույս է ընծայել «Կոնգրեսը և համայնքային քաղաքականությունը.Էթնիկ և արտաքին լոբբինգի ազդեցությունը» գիրքը:

Ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Թըրբերի, Քոլթոն Քեմփբելի և Դևիդ Դուլիոյի հեղինակած գրքում ներկայացված է տարբեր լոբբիստական խմբերի, այդ թվում, հայկականի, խորը վերլուծություն: Նշվում է, որ այդ խմբերի գործունեությունը վերջին տարիներին փոխել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:

«Համայնքային կազմակերպությունների ազդեցությունն ԱՄՆ քաղաքականության վրա վերջին տարիներին աճել է: Օրինակ, 10 տարի առաջ հայկական թեմայով փոքրաթիվ կոնգրեսականներ էին զբաղվում: Այսօր ամերիկահայերի լոբբին ամենաակտիվներից է Կապիտոլիումի բարձունքում»,-ասվում է գրքում:

Հեղինակները նաև ամերիկահայերի հաջողված լոբբինգի տարբեր օրինակներ են բերում՝ բնութագրելով այն որպես ամենաազդեցիկներից մեկն ԱՄՆ հասարակական և քաղաքական կյանքում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի կոմիտեն հրապարակել էր երկրում հայկական և այլ լոբբիստական կառույցների վերաբերյալ զեկույցը: Առավել ազդեցիկ են համարվել մի քանի խմբեր, այդ թվում՝ հայկականը: