11 սեպտեմբերի 2018 - 15:31 AMT
ՀՀ-ում արգենտինական տանգոյի շաբաթ է

Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ» (սեպտեմբերի 10-16-ը), որին կմասնակցեն արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Անաբել Սալդանյա Մարտինեսը, ինչպես նաև Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:

Տանգոյին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև` Գյումրիում և Իջևանում: Ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն կլինի մասնակցելու տանգոյի մի շարք միջոցառումների, ներառյալ` արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրության, ինչպես նաև նվագախմբի մասնակցությամբ համերգի, որին կհետևի վարպետության դաս տանգոյի բոլոր սիրահարների համար:

Սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին կարելի է դիտել «Վերջին տանգոն» ֆիլմը, սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին` «Պիչուկո»ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին՝ «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ամբողջ կիրքը:

Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2): Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են: Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Այնուհետև տանգոյի ոգին կուղևորվի Իջևան, որտեղ սեպտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, Շատրվանների հրապարակում կմեկնարկիտանգոյի գեղեցիկ շոուն, որին կհետևի վարպետության դաս: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին արդեն Գյումրիի Թատերական հրապարակումկկայանա տանգոյի վառ ներկայացում:

Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակվի սեպտեմբերի 16- ին, ժամը 18:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կայանալիք համերգով և վարպետության դասով:

Ինչպես նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, այս միջոցառումները նպատակ ունեն մշակութային կամուրջի միջոցով էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին, հատկապես այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարի միջոցով, ինչպիսին է տանգոն:

«Արգենտինական տանգոյի շաբաթն» անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, որի կազմակերպիչն է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին: